Մահից հետո իրեն գիտությանը կտակած կնոջ մարմինը կտրատվել է մազի հաստության 27 հազար շերտերի (ֆոտո)  

14 դեկտեմբերի, 2018  14:10

Մահից հետո իրեն գիտությանը կտակած կնոջ մարմինը կտրատվել է մազի հաստության 27 հազար շերտերի: Աշխարհի առաջին «թվայնացված դիակի»՝ Սյու Փոթերի պատմությունը ընդգրկվել է National Geographic-ի «Ապագայի բժշկություն» հատուկ թողարկման մեջ, որը լույս կտեսնի 2019 թվականի հունվարին:

2015 թվականին երկու երեխաների մայր Սյու Փոթերը 87 տարեկանում պնեւմոնիայից մահացավ: Մահից հետ նրա մարմինը սառեցվել էր եւ սղոցով մազի հաստության 27 հազար շերտերի բաժանվել: Դրանք բոլորը թվայնացվել էին, որպեսզի հետագայում ուսանողների համար ուսումնասիրման յուրահատուկ օբյեկտ դառնան:

Կտակի մասին խոստումից հետո՝ 15 տարի շարունակ մինչեւ մահանալը, կինը գրի էր առնում իր կյանքին վերաբերող ամեն ինչ՝ ապրումները, զգացմունքները, ցավի զգացողությունները եւ այլն: Այդ ամենը ուսանողներին կօգնի ավելի լավ հասկանալ կնոջը, որի մարմինը նրանք կսկսեն ուսումնասիրել:

Հատկանշական է, որ Սյուն գիտնականներին խնդրել էր ցույց տալ այն սղոցը, որը իր մարմինը շերտերի է բաժանելու, ինչպես նաեւ սառնարանը, որտեղ պահվելու էր իր մարմինը: Կինը ցանկություն էր հայտնել, որ իր մարմինը դասական երաժշտության ներքո եւ վարդերի շրջապատում կտրատեն:

Մարմինը 27 հազար շերտերի կտրատելու համար գիտնականներին ընդհանուր առմամբ 60 օր է պահանջվել: Հետո հաջորդել է տքնաջան, աշխատատար փուլը՝ ամեն մի թվայնացված կտրվածքում հյուսվածքների, օրգանների, անոթների առանձնացումը:

Սյուն մեծացել է նացիստական Գերմանիայում: Ծնողները տեղափոխվել էին Նյու Յորք՝ նրան թողնելով տատիկի եւ պապիկի խնամքին: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նա արտագաղթել է Նյու Յորք, ամուսնացել, երկու երեխա ունեցել:

Կինն առողջական լուրջ խնդիրներ ուներ՝ շաքարախտ, մելանոմա, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլն: 2000-ին, կարծելով, որ ապրելու համար իրեն մնացել է մեկ տարի, Սյուն որոշեց իր մարմինը կտակել գիտությանը՝ գրի առնելով իր ամեն մի ապրած օրը:

Մինչդեռ կինն ապրեց եւս 15 տարի: Նա չէր ամաչում «անմահ դիակ» դառնալու իր որոշումից՝ հանդիպելով ուսանողների հետ, այցելելով տարբեր դասախոսությունների: Չնայած իր կոշտ եւ պահանջկոտ բնավորությանը, ուսանողները սիրել էին Սյուին. շատերը մահից հետո նրա գերեզմանաքարի մոտ արտասվում էին:

Source: National Geographic /The Daily Mail

Photos: Linn Johnson National Geographic

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում